Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ Ըստ այդ հայտարարության Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։
Մենք գտնում ենք, որ հայտարարությունը չի բխում Արցախի, Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության շահերից, ավելին՝ իր բովանդակությամբ նոր մարտահրավերների եւ հնարաւոր վտանգների առջեւ է կանգնեցնում Մայր Հայրենիքին։
Այո՛, միջազգային հանրության անտարբերության ցավից ու կորստի անասելի վշտից այսօր բղավում է հայոց սիրտը: Սակայն մեզ բոլորիս համար այս օրհասական ժամին Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին առավել քան երբեւէ անհրաժեշտ է միասնականություն՝ հանուն մեր հայրենիքի կայուն ապագայի, հանուն Արցախի գոյատեւման, հանուն հաջորդ սերունդների արժանապատիվ ապրելու իրավունքի։ Միաժամանակ առավել քան երբեւէ այսօր անհրաժեշտ է շրջանցել բոլոր տեսակի ծայրահեղական կոչերն ու համացանցում վերարտադրվող ատելության դրսեւորումները՝ մեր բոլոր քայլերը փոխակերպելով եւ ուղղելով ավելի կարեւոր, կառուցողական նպատակների ու գործերի: Առավել քան երբեւէ քաղաքական ուժերին թե՛ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում անհրաժեշտ է լինել շրջահայաց, փոխհանդուրժող եւ համախմբված Հայաստանի ու Արցախի խնդիրների շուրջ: Անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից ու բնակության վայրից մենք պարտավոր ենք գնահատել մեր հայրենիքը, մեր հողն ու ջուրը, մեր երիտասարդ ժողովրդավարությունը, մեր բանակն ու զինվորներին:
Սիրելի հայրենակիցներ,
Տոգորվենք հայրենիքի սիրով եւ վերագտնենք մեզ ու մեր ուժը, լինենք միասնական ու համերաշխ, քանզի միայն համերաշխությամբ ու միասնականությամբ ենք կարող նպաստել մեր հայրենիքի առջեւ ծառացած ահարկու դժվարությունների հաղթահարմանը: Եռանդագին շարունակենք մեր նյութական ու մարդասիրական օգնությունն ու աջակցությունը Հայաստանի ու Արցախի մեր քույրերին ու եղբայրներին։
Մտավորականներին, գիտնականներին, լրագրողներին, հասարակական ու քաղաքական գործիչներին հորդորում ենք լինել առաջնորդող՝ համերաշխության կոչերն ու շարժումը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի զանազան անկյուններում ապրող յուրաքանչյուր հային հասցնելու դժվարագույն գործում: Եկե՛ք դրսեւորենք հավաքական կամք՝ Հայաստանի ու հայության առջեւ ծառացած հերթական այս մարտահրավերին արժանապատվորեն դիմակայելու եւ այս ծանր իրավիճակից ավելի ուժեղ, ավելի ամուր, ավելի կայուն, ավելի ժողովրդավար ու հաղթանակած դուրս գալու համար։
11 Նոյեմբեր 2020
Գերմանահայոց Կետրոնական Խորհուրդ
Գերմանիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդ