Գերմանահայոց կենտրոնական խորհրդում նոր վարչույթյուն է ընտրվել
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի գլխավոր համագումարը 2015թ. նոյեմբերի 15-ին Մայնի Ֆրանկֆուրտում ընտրեց խորհրդի նոր վարչություն՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով: Նիստը բացեց Բոխումի Ռուհր համալսարանի փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միհրան Դաբաղը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Փարիզի վերջին ահաբեկչության զոհերի հիշատակը:
Խորհրդի վարչության նախագահի պաշտոնում ընտրվեց Ժագլին Խաչատուրյանը: Փաստաբանը ակտիվորեն ներգրավված է տեղական քաղաքականության մեջ և երկար տարիներ պայքարում է գերմանական հասարակության մեջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության նկատմամբ մերժողական կեցվաքի դեմ:
Սոնա Հակոբյանը ստանձնեց նորընտիր նախագահի տեղակալի պաշտոնը: Մասնագիտությամբ ճարտարագետ կոնստրուկտոր և փայլուն տեխնիկական-վերլուծական ունակությունների տեր նա ունի միջմշակութային բնագավառի աշխատանքի լայնածավալ փորձ:
Տնտեսագետ Օհանես Ալթունքայան զբաղեցրեց գանձապահի պատասխանատու պաշտոնը: Նրա կենսագրականը համատեղում է տնտեսական փորձաքննության բազում տարիների փորձը տարաբնույթ նախագծերի կառավարման և քաղաքական աշխատանքի հետ:
Վարչության մյուս անդամ ընտրվեց Անի Սմիթ-Դագեսյանը: Նա քաղաքագետ է, ասպիրանտ և միջազգային քաղաքագիտության դասախոսուհի: Նրա նոր՝ երիտասարդության հարցերի հանձնակատարի պաշտոնը ներառում է նոր սերնդի շրջանում քաղաքական պատասխանատվություն բարձացումը, ինչպես նաև այս բնագավառում մշակութային ու կրթական ծրագրերի իրականացումը:
Սամվել Լուլուկյանը, ով հանձն առավ քարտուղարի պաշտոնը, խոշոր ընկերության մասնաճուղի տնօրեն է: Նա ունի ճշգրիտ գործելաոճ, փայլուն բանակցային ունակություններ, ինչպես նաև երկար տարիների համայնական աշխատանքի փորձ:
Նորընտիր վարչությունը մեծ նվիրումով հետամուտ է լինելու հայկական մշակույթի պահպանման և ցեղասպանության ճանաչման գործին: Միևնույն ժամանակ երիտասարդ հանձնախումբը ցանկանում է նպաստել ընդհանուր հասարակության բարեկեցությանը: «Հայկական սփյուռքը գերմանական հասարակության մի մասն է, ինչպես մի մասն է հայերի պատմությունը Գերմանիայի պատմության մեջ: Պատասխանատվություն ստանձնելով մեր ընդհանուր անցյալի ու ապագայի նկատմաբ, մենք տեսնում ենք մեր պարտականությունները երկու հասարակությունների միջև առկա բարեկամության խորացման մեջ, ինչը հնարավոր է միասնաբար խոչընդոտների հաղթահարման և համատեղ համագործակցության միջոցով: Միայն ազնիվ գերմանա-հայկական բարեկամությունը կարող է ապահովել մեր առջև ծառացած մարտահրավերների լուծումը՝ մեր հայրենակիցներին հավատարմությամբ և համերաշխությամբ օժտված միասնական հասարակություն նեգրավելու գործում» ,- իր խոսքում ընդգծեց վարչության նոր նախագահ Ժագլին Խաչատուրյանը: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
Մայնի Ֆրանկֆուրտ, 18.11.2015