Մամլոյ Հաղորդագրութիւն ՝ ԳԿԽ-ն դատապարտում է Քեսապի դէմ կատարւող ոտնաձգութիւնները

Հայկական տարրի գոյութիւնը Քեսապում հաշւում են մինչեւ Մեծն Տիգրանի օրերը կամ նոյնիսկ նրանից առաջ: Շատերը նաև Քեսապը համարում են իբրեւ Կիլիկեան Հայաստանի սահմանակից եւ այդ ժամանակաշրջանում կազմուած հայկական գաւառակ: Հետագային ըստ ժողովրդական աւանդութեան հայկական տարբեր գերդաստաններ ինչպէս Արամօ, Արֆալի, Հաճըն, Զէյթուն, Քիւրտ Տաղ եւ Անտիոք եկել տեղաւորուել են Քեսապում, Քեսապը դարձնելով հին ու նոր եկած գաղթականների բնակավայրը:

Քեսապահայութիւնը իր առաջին ծանր պատուհասը ստացել է 1909 թուականին երբ Ապրիլին թրքական զինուած ջոկատները ներխուժեցին Քեսապ։ Հայ գաղթականները մօտ մէկ տարի Լաթաքիայի մէջ մնալուց յետոյ վերադարձան Քեսապ և վերակառուցեցին իրենց տուները։

1915ին Հայոց ցեղասպանութեան գաղթից և աքսորներից ևս անմասն չմնաց Քեսապի բնակչութիւնը։ Քեսապցիները աքսորուեցին երկու ուղղութեամբ՝ դէպի Դէր Զօր և դէպի հարաւ՝ մինչև Յորդանան։ Հազարաւոր քեսապահայեր զոհուեցին, մեծամասնութիւնը՝ Դէր Զօրի անապատների մէջ։

Անցեալ մի քանի օրերի ընթացքին՝ արդէն երեք տարիներից աւել տևող Սուրիական ներքին անհաշտութիւններից ու պատերազմից բխած Թուրքիոյ ճամբով ապստամբների յարձակումը, պաշարումն ու տեղի բնակչութեան արտաքսումն ու աւանի գրաւումը Քեսապի հայերի թիւով արդէն երրորդ տեղահանութիւնն է:

Վերջին հարիւր ամեակում այս երրորդ անգամն է որ Քեսապի հայութիւնը պարտադրւում է հեռանալ իր օջախից և երեք անգամն էլ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի դերակատարութեամբ:

Այսօր՝ 21-րդ դարում երբ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը բոլոր միջազգային կազմակերպութիւնների ու զարգացած պետութիւնների գլխաւոր առաքելութիւնն է սեպւում, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը Գերմանահայոց անունից դատապարտելով Թուրքիոյ այս արարքը կոչ է անում բոլոր այն կառավարութիւններին որոնք Սուրիոյ հակամարտութեան մէջ ազդեցիկ դերակատարութիւն ունեն ի գործ դնելու իրենց բոլոր միջոցները վերջ դնելու Քեսապի դէմ այս ոտնաձգութիւններին և թոյլ տալու Քեսապի բնակիչներին իրենց բնակարանները վերադառնալու՝ երաշխաւորելով նրանց ապահովութիւնն ու անվտանգութիւնը:

ԳԿԽ-ի Վարչութիւն
Ֆրանկֆուրտ, 24.03.2014

AnhangGröße
PDF icon Kessab_armenisch.pdf268.56 KB