Գայանե Առաքելյան
Գերմանիայի Կոնստանց քաղաքի պետական թատրոնում օրերս կայացել է Էդգար Հիլզենրատի «Հեքիաթ մահից առաջ» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը: Վերջինս 1915-ի հայերի ցեղասպանության մասին է պատմում: Թուրք ծայրահեղականները պրեմիերայի նախօրեին թատրոնից զայրույթով պահանջել են չեղյալ հայտարարել այն` պատճառաբանելով, որ իրենց պատմության մեջ նման դեպքեր տեղի չեն ունեցել: Բացի այդ, Կարլսրուե քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը խնդրել է ամեն ներկայացումից առաջ հանդիսատեսին տեղեկացնել, որ այդ տարիների իրադարձությունները տարբեր կերպ են մեկնաբանվում:
Գերմանիայի կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) անդամ Սամվել Լուլուկյանի հաղորդմամբ, առաջին ցուցադրության օրը թատրոնի առջև թուրք ազգայնականները փողոցում ցույց են անցկացրել, որին մասնակցել է շուրջ հարյուր մարդ: Ցուցարարների դժգոհության հիմնական պատճառը եղել է ներկայացման պաստառը, որում պատկերված է անծանոթ մարդ՝ ծածկված սպիտակ սավանով (Հրանդ Դինք), իսկ վերևում` թուրքական դրոշը: Տեքստում մեջբերված է Ռ. Էրդողանի խոսքը. «Մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել»:
Շաբաթվա ընթացքում թատրոնը բազմաթիվ նամակներ է ստացել։ Ինչպես վստահեցնում է թատրոնի գլխավոր բեմադրիչ Թոմաս Շպիկերմանը` ամենատարբեր տոնայնությամբ։
«Առաջին անգամ մենք թատրոնում պրեմիերա ենք անելու ոստիկանական ուժերի պաշտպանության ներքո։ Հավատացեք, սա տարօրինակ զգացում է՝ հնարավոր չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Թ. Շպիկերմանը։ Թատրոնի վրա անգամ ճնշում է գործադրվել՝ ներկայացումը խաղացանկից հանելու պահանջով։
«Թուրք ծայրահեղականները միշտ են իրենց անճոռնի կերպարը ցույց տալիս, երբ բանը վերաբերվում է հայոց եղեռնին»,- ասում է ԳԿԽ նախագահ Նազարեթ Աղեգույանը:
Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի հայկական համայնքն իր դժգոհությունն է հայտնել բողոցի ցույցի կապակցությամբ. «Այն, որ Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է ցեղասպանության փաստը, վկայում է անտեղյակության մասին: Եթե այն նույնիսկ Գերմանիայում է պահանջում խեղաթյուրել պատմությունը, դա արդեն խելագարություն է: Մենք հետեւում ենք այստեղ պատմական ճշմարտության ու արվեստի ազատության դեմ մղվող անմիտ պայքարին»:
Ինչպես հաղորդում է ԳԿԽ խորհրդի անդամ Ս. Լուլուկյանը, ներկայացումը կայացել է, սակայն թատրոնի պաստառը հանվել է: Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը պարզաբանել է ՝ «թուրքական համայնքի հանդեպ հարգանքից ելնելով»:
Ս. Լուլուկյանը հայտնեց, որ իրենք շարունակելու են պայքարել թուրք ազգայնականների դեմ, քանի որ նրանք փորձում են խառնվել հայ-գերմանական հարաբերությունների մեջ և ապակայունացնել Գերմանիայի ներքին քաղաքական իրավիճակը: