Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի անդրադարձը ՀՀ-ում տիրող ներքաղաքական զարգացումներին

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության անդամները, գերմանահայոց սփյուրքը՝ խոր ցավով հետևելով հայրենիքում ներքաղաքական ճգնաժամին եւ, հատկապես, Երեւանում իրադարձությունների նմանօրինակ զարգացմանը, խիստ մտահոգություն են հայտնում վերջին օրերին տեղի ունեցող մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումների, խոսքի ազատության և քաղաքացիական իրավունքների սահմանափակումների, ԶԼՄ-ների աշխատանքի արգելափակման, ինչպես նաև՝ ակտիվիստների ու մտավորականների ապօրինի բանտակությունների կապակցությամբ: ԳԿԽ գրասենյակը իրեն իրավասու է համարում կատարել հետևյալ հայտարարությունը.

 «Դատապարտել, դատապարտում ու դատապարտելու ենք դեմոկրատական արժեքների անտեսումն ու ոտնահարումը, արտաքին քաղաքականութան անթափանցիկությունը, դրամաշորթության ու կոռուպցիայի վերելքը: Փափագում ենք, որ Հայաստանում տեղի ունենան տասնամյակներ սպասված սոցիալ-քաղաքան բարեփոխումներ, կասեցվի արտագաղթն ու ուղեղների արտահոսքը, որ քաղաքական խնդիրները լուծվեն երկխոսության, ինչպես նաև ժողովրդավարական նորմերի եւ չափանիշների շրջանակներում: Չենք կարող այլեւս անտարբերությամբ ականատես լինել մեր ժողովրդի անմարդկային մաքառումներին՝ հանուն սեփական հողի վրա իր իսկ գոյատեվման:

Ուստի և կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին հայրենիքում և սփյուռքում համախմբվել՝ անհապաղ վերջ դնելու համար այս արյունալի վտանգավոր իրավիճակին, իսկ կառավարությանը հորդորում ենք լսել ժողովրդի ձայնը, գործի դնել երկխոսության ժողովրդավարական միջոցները և ընդունել որ մեր երկրում պետք է գերիշխի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը: Միաժամանակ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու ԶԼՄ-ներին ստանձնել ակտիվ դիտորդի դեր եւ հետեւել դեպքերի հետագա ընթացքին՝ թույլ չտալով իրավիճակի առավել սրում, երաշխավորել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:»



Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության անդամներ՝

Անի Սմիթ-Դագեսյան
Սամվել Լուլուկյան
Սոնա Հակոբյան

30.07.2016
Մայնի Ֆրանկֆուրտ