Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչության շնորհավորական ուղերձ

Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, հավատակիցներ,

2015 թիվը մեր ժողովրդի համար շատ խորհրդանշական էր. թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված հարյուրամյակը բոլորած Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնք նպատակ ունեին ահազանգ դառնալ ողջ մարդկությանը զերծ մնալ նորահաս եղեռններից, մարդկության նկատմամբ գործվող նորանոր ոճրագործություններից: Ավաղ, այն ինչ չի՛ դատապարտվում վճռականապես, սկզբնաղբյուր է դառնում նոր ոճրագործությունների:
 Մինչ մենք մեր գավաթները սեղանների շուրջ կբարձրացնենք, հիշե՛նք և արժանին մատուցե՛նք մեր սահմանները պաշտպանելիս զոհված տակավին երիտասարդ հերոսներին: Փառք ու պատիվ մատուցե՛նք հայրենիքի սահմանները պաշտպանող մեր զինվորներին, որոնք խավարի, մթի, ցրտի մեջ անկոտրում կանգնած՝ իրենց կյանքի գնով անառիկ են պահում էն մի բուռ հողն ու լույսը, հավատն ու լեզուն, որ ողջն իրար հետ Հայրենիք է կոչվում:
  Հավատարիմ մնալով մեր հայապահպան գործին, շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր միություններին, անդամներին, աջակիցներին և շնորհավորում բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և հաջողություն:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն
29. Դեկտեմբերի 2015 թ.
Մայնի Ֆրանկֆուրտ